Հիշեցի մի այսպիսի պատմություն:
Նավը սկսել էր խորտակվել, իսկ այն ստեղծողներն ու կառավարման փորձ ունեցողները, որ, գտնվելով նույն այդ նավի մեջ, ուզում էին հնարավորն անել իրենց և մյուսներին փրկելու համար, չէին կարողանում ղեկին մոտենալ: Չէին կարողանում, որովհետև ղեկը վարողները, որ անփորձ ու անկարող էին, մարդկանց համոզել էին, որ հենց այդ նավը ստեղծողներն են խորտակման պատճառը:
Եվ, մինչ նավը շարունակում էր հանդարտ խորասուզվել, տախտակամածին հավաքված ժողովուրդը զվարթ ու անդարդ վայելում էր դեռևս շարունակվող օրվա հաճույքը: Տխուր ու մտահոգ էին միայն նրանք, ովքեր գիտեին, որ, այդպես շարունակելվու դեպքում, մի քանի ժամ հետո նավը կհայտնվի օվկիանոսի հատակին:
-Ինչու՞ եք այդքան զվարթ ու անդարդ, ախր բոլորս միասին խորտակվում ենք,- ժողովրդին դիմեց համբերությունը հատած մտահոգներից մեկը:
-Ինչ լավ է, որ վերջապես բոլորով միասին ենք, նույն խորտակվող նավի մեջ: Հիմա բոլորս հավասար ենք,-քրքջաց անդարդը և շարունակեց զվարճանալ:
Ժամանակ հետո պարզվեց, որ խորտակված նավից փրկվել են միայն նրանք, ովքեր տխուր ու մտահոգ էին:
Հ.Գ. Չգիտեմ՝ ինչու հիշեցի:
Սենոր Հասրաթյան